ՏՀՏ ոլորտի ավելացված արժեքը և մասնաբաժինը ՀՆԱ-ում

Համաձայն ՎԿ-ը տվյալների 2018թ-ին ՏՀՏ ոլորտի ավելացված արժեքը կազմել է 140 մլրդ դրամ, ըստ ՊԵԿ-ի՝ 165 մլրդ դրամ, իսկ ՁԻՀ-ի տվյալներով, որի դեպքում չի պահպանվում ռեզիդենտության սկզբունքը, ոլորտի ավելացված արժեքը կազմել է շուրջ 297 մլրդ դրամ, որը կարելի է համարել Հայաստանի ՏՀՏ ոլորտի ավելացված արժեքի պոտենցիալը:

Չնայած էական բարելավումների, ՀՆԱ-ի կառուցվածքում ՏՀՏ ոլորտի մասնաբաժնով Հայաստանը զիջում է Եվրոպական տնտեսական տարածքի բոլոր երկրներին, բացառությամբ Հունաստանի: Սակայն, հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող բարեփոփոխությունները և աճի տեմպերը, այս ցուցանիշի գծով նշանակալի դրական փոփոխություններ կարելի է ակնկալել:

Սպասվում է, որ, չնայած ՏՀՏ ոլորտը ևս չի կարող շրջանցել 2020 թ. սպասվող տնտեսական անկումը և շրջանառության ծավալների նվազումը, սակայն COVID-19-ը այս ոլորտի համար թերևս զարգացման նոր, ավելի լայն հնարավորություններ է բացում: Ինչպես գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բազմաթիվ ոլորտների բնականոն աշխատանքը հնարավոր է միայն հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդպիսով, լավ հնարավորություն է ստեղծվում հեռահաղորդակցության ընկերությունների համար փորձարկել իրենց գործունեությունը այլ շուկաներում, հետագայում առաջարկելու նոր տեխնոլոգիական լուծումներ, առավել հեշտությամբ ներթափանցել այլ շուկաներ, ինչպես նաև այլ ոլորտների կազմակերպությունների հետ սիներգիաներ ստեղծել: