2018 թվականը սովորական տարի չէր Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Ուստի տարեկան տնտեսական ցուցանիշները բավական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Սույն հոդվածում անդրադարձ է կատարվել պետական բյուջեի եկամուտներին և հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը: Հաջորդիվ կանդրադառնանք հիմնական հարկ վճարողների առանձնահատկություններին:

1. Պետական բյուջեի «հարկեր և տուրքեր» մուտքերի ցուցանիշների մասին

Պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը (վերջին տարիներին` 92-94%-ը) ապահովվում է հարկերի և տուրքերի հաշվին: Ըստ նախնական տեղեկատվության, 2018-ին հարկերի և տուրքերի ծավալը 8.6%-ով ավելի բարձր է եղել, քան 2017-ին, ինչը վերջին 5 տարիների ընթացքում ամենաբարձր աճն է:

Պետական բյուջեի «Հարկեր և տուրքեր» մուտքերը 2012-2018թթ.

Budget-1

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՎԿ

Այնուամենայնիվ, 2018-ի և նախորդ տարիների հարկային մուտքերի ցուցանիշների ուղղակի համադրությանը որոշակի վերապահումով պետք է մոտենալ: Պատճառն այն է, որ Հարկային օրենսգրքի դրույթների համաձայն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հարկերի հաշվառման մոտեցումներում:

2. Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության, ստվերի կրճատման մասին

2018թ. «հարկեր և տուրքեր» մուտքերը կազմել են 1,258 մլրդ դրամ, ինչը 2018թ. նախնական գնահատված ՀՆԱ-ի 21.0%-ն է: Եթե այս ցուցանիշը համեմատենք, 2017թ. հետ, ապա պարզ է դառնում, որ պետական բյուջեի «հարկեր և տուրքեր» և ՀՆԱ հարաբերակցությունն աճել է միայն 0.2 տոկոսային կետով:
Առաջին հայացքից, նման աճը բավական փոքր է թվում, եթե հաշվի առնենք, ստվերային տնտեսության որոշակի կրճատման սպասումները, սակայն, ճիշտ համադրության համար առնվազն պետք է հաշվի առնել Հարկային օրենսգրքի նոր պահանջները, որոնք գործում են 2018-ից սկսած: Մասնավորապես, 2017-ի և 2018-ի տվյալները, օրինակ, տարբերվում են նրանով, որ, Հարկային օրենսգրքի նոր պահանջների համապատասխան, 2018-ի հարկային մուտքերից հանվել է «հարկերի անցումային գերավճարը», որի ծավալը ՀՆԱ-ի մոտ 0.9%-է: 2017-2018-ի միջև միայն այս մի գործոնի համադրելիությունը հաշվի առնելու դեպքում, 2017-ի և 2018-ի հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տարբերությունը ոչ թե 0.2 տոկոսային կետ է, այլ արդեն 1.1 տոկոսային կետ:
Ակնհայտ է, որ նման աճի մեջ ստվերային տնտեսության կրճատումը իր էֆեկտն ունի, սակայն դրա հստակ ազդեցությունը հնարավոր կլինի չափել ավելի մանրամասն վերջնական և վերանայված ՀՆԱ-ի հաշվարկների առկայության դեպքում:
Ընդհանրապես, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության փոփոխությունների պատճառներից կարող են լինել հարկային վարչարարության բարելավումը, տնտեսությունում ստվերի կրճատումը կամ հարկային օրենսդրությամբ հարկատեսակների և/կամ դրույքաչափերի փոփոխությունները:

Պետական բյուջեի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, 2012-2018թթ.

Budget-2

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՎԿ, Ամերիա հաշվարկներ