3. Հիմնական հարկ վճարողների դերի մասին

ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տվյալների և այլ աղբյուրներից տվյալների համադրության արդյունքում բավականին ուշագրավ արդյունքներ են գրանցվում:
Մասնավորապես, 1000 խոշոր հարկ վճարողներին բաժին է ընկնում ընդամենը 2018թ. հավաքագրված հարկերի մոտ ¾-ը, իսկ առավել խոշոր 100 հարկ վճարողներին` 45%-ը: Այլ խոսքերով ասած, 2018թ. պետական բյուջե մուտքագրված ընդամենը հարկեր և տուրքերի ուղիղ կեսը (50%-ը) վճարվել է 146 ընկերությունների կողմից: Հաշվի առնելով, որ Հայաստանում կա ավելի քան 100 հազար ակտիվ հարկ վճարող`այս ցուցանիշները վկայում են հարկման սուբյեկտների շատ բարձր կենտրոնացվածության մասին:

2018թ. խոշոր հարկատուների դերը հավաքագրված «հարկեր, տուրքեր»-ում
tax_payer-1

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ և Ամերիա հաշվարկներ

Ավելին, համեմատելով 2017 և 2018 թվականների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները, հասկանում ենք, որ 2018-ին խոշորների դերն ավելի է կարևորվել հարկերի և տուրքերի հավաքագրման մեջ: Ճիշտ է, հավանաբար կենտրոնացվածության աճը պայմանավորված է չդիտարկվող տնտեսության կրճատմամբ, սակայն, ընդհանուր առմամբ, մեծ կենտրոնացվածությունը բավականին ռիսկային է բյուջեի եկամուտների առումով, ինչը չնայած, բնորոշ է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:

2017-2018թ. խոշոր հարկատուների դերն ընդամենը հավաքագրված «հարկեր, տուրքեր»-ում
tax_payers-2

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ և Ամերիա հաշվարկներ

4. Հիմնական հարկ վճարողների կազմի և առանձնահատկությունների մասին

1000 խոշոր հարկ վճարողների գերակշիռ մասը` 80%-ը, Երևանից է, հաջորդը Կոտայքի մարզն է, որտեղ գործունեություն է ծավալում խոշոր հարկատուների 6%-ը: Խոշոր հարկատուների մեջ ամենաներկայացված գործունեության տեսակներն են` Առևտրի ոլորտը (40.4%) և մշակող արդյունաբերությունը (14.4%):

2018թ. խոշոր 1000 հարկատուների բաշխումն ըստ գործունեության տեսակների խմբերի (ՏԳՏԴ 2)
tax_payer-3

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ տեղեկատվություն և Ամերիա հաշվարկներ

2018թվականի խոշոր հարկատուների աշխատակիցների թվաքանակը կազմում է 210.2 հազար մարդ, ինչը 6.4%-ով ավելին է, քան 2017-ի նույն ցանկի ցուցանիշը:
Հատկանշական է նաև հետևյալ համեմատությունն ըստ գործունեության տեսակների: Մասնավորապես, ըստ աշխատողների թվաքանակի առավել մեծ տոկոսային աճը գրանցվել է «կացության և հանրային սննդի», առևտրի և սպասարկման ոլորտների տնտեսվարողների մոտ, որոնք սովորաբար ամենաստվերային հատվածներն են գրեթե բոլոր տնտեսություններում: Ուշագրավ է նաև, որ ինչպես «կացության և հանրային սննդի» ոլորտում, այնպես էլ առևտրի ոլորտում, չնայած աշխատակիցների թվաքանակի կտրուկ աճերին (44% և 19%), վճարված հարկերի ծավալները նվազել են, ինչը խոսում է կա՛մ աշխատանքի արտադրողականության կտրուկ նվազման (ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով կարճ ժամանակահատվածը և ՀՆԱ-ում գրանցված ճյուղերի աճը), կա՛մ չգրանցված աշխատակիցների գրանցման, և կա՛մ էլ հարկային դրույքաչափերի և պահանջների փոփոխության մասին:

Աշխատակիցների թվաքանակի և վճարված հարկերի ծավալի փոփոխությունը 2018 թվականը 2017-ի համեմատ (1000 խոշոր հարկատուների համար)

tax_payer-4

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ տեղեկատվություն և Ամերիա հաշվարկներ

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ փոփոխությունների պատճառներ կարող են լինել նաև այլ գործոններ, ինչպիսիք են օրինակ` հարկատուի գործունեության տեսակի փոփոխությունը, դրա ոչ ճշգրիտ լինելը, կազմակերպությունների տրոհումը և այլն: Սակայն, դրանց անհրաժեշտ կլինի անդրադառնալ առանձին դեպքերի համար վերլուծությունների ընթացքում: