Ըստ ՓՄՁ Ֆինանսավորման Ֆորումի (MSME FINANCING FORUM), զարգացող երկրներում ՓՄՁ-ների պոտենցիալ ֆինանսավորման ընդհանուր կարիքը գնահատվում է մոտ 8.9 տրիլիոն դոլար, որից ֆինանսավորվում է միայն 43.4%-ը, իսկ մնացած 5.1 տրիլիոնը հանդիսանում է ֆինանսավորման ճեղքը: Գնահատում իրականացվել է 2018թ.` հիմնվելով 2017թ.-ի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տվյալների վրա:

ՓՄՁ-ների ֆինանսավորման ճեղք կա աշխարհի գրեթե բոլոր երկրներում և նման հսկայական ճեղքը պայմանվորված է, մի կողմից պետական ծրագրերի սակավությամբ և ՓՄՁ-ների ֆինանսավորման հետ առնչվող մեծ ռիսկերով, իսկ մյուս կողմից, ՓՄՁ-ների` ֆինանսավորում ստանալու թերահավատության հետ, ինչը հանգեցնում է ֆինանսավորման պահանջարկի ցածր մակարդակին:
Այսպես, զարգացող երկրներում ՓՄՁ-ների ֆինանսավորման ճեղքը միջինում կազմում է ՀՆԱ-ի 19%-ը, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը գնահատվում է ՀՆԱ-ի միայն 10.8%-ը, ինչը տարածաշրջանի երկրներից ամենացածրն է:

Հարց է առաջանում. Մի՞ թե, Հայաստանում ՓՄՁ-ները բավականաչափ ֆինանսավորված են:Sme_finance_1

Վերոնշյալ գնահատումների համաձայն Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ճեղքը կազմում է մոտ 1 մլրդ 145 մլն դոլար կամ 553 մլրդ դրամ: Հետաքրքիր է, որ գերփոքր ձեռնարկությունների ֆինանսավորման կարիքը կազմում է ընդամենը 62 մլրդ դրամ (ընդհանուր գնահատված ճեղքի մոտ 11%-ը), մինչդեռ դրանց քանակը (ըստ նույն աղբյուրի) կազմում է ՓՄՁ-ների գերակշիռ մասը` մոտ 78%: Գերփոքր միավորների համար նման ցածր ֆինանսավորման կարիքը, թերևս, պայմանավորված է դրանց` մեծամասամբ ոչ ֆորմալ ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու հնարավորության հետ, այլ կերպ ասած, գերփոքր ձեռնարկությունների մեծ մասը ֆինանսավորվում են ընտանիքի անդամների, բարեկամների կամ ընկերների կողմից:

Դրան հակառակ, փոքր և միջին ձեռնարկությունների (առանց գերփոքրերի) ֆինանսավորման ճեղքը միավորի հաշվով ահռելի է: Այսպես, հարևան Վրաստանի համեմատ մեկ միավոր փոքր կամ միջին ձեռնարկատիրության (առանց գերփոքրերի) հաշվով ֆինանսավորման ճեղքը Հայաստանում 5 անգամ ավելի մեծ է` կազմելով մոտ 85 մլն դրամ (Վրաստանում այս կազմում է 18 մլն դրամ): Մինչդեռ Հայաստանում Փոքր կամ միջին ձեռնարկությունների ընդհանուր ֆինանսավորման ճեղքը կրկնակի փոքր է Վրաստանի նույն ցուցանիշի համեմատ (489 մլրդ 1,013 մլրդ-ի համեմատ): Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ՓՄՁ ֆինանսավորման ճեղք / ՀՆԱ հարաբերակցության ցածր մակարդակը պայմանավորված է ոչ թե ՓՄՁ-ների բավարար ֆինանսավորմամբ, այլ նրանով, որ Հայաստանում փոքր ու միջին ընկերությունները (առանց գերփոքրերի) պարզապես շատ քիչ են: